Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2024 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը: Կողմերը հաստատել են վերջին շրջանում ակտիվ համագործակցության ռազմավարական նշանակությունը և սահմանել են համագործակցության զարգացման ավելի բարձր նշաձող: Առանձնապես կարևորվել է համագործակցությունը պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության ու վարժանքների, խորհրդատվական աջակցության, տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմատեխնիկական և այլ ուղղություններով:

Քննարկվել են ՀՀ ԶՈՒ կերպափոխման գործընթացի առաջնահերթությունները և այդ շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ընթացքը: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկայիս մակարդակից և հույս հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:
Կողմերը խորհրդակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում: