ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Վլադիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Երեք առաջնորդները, ովքեր 35 րոպե խոսել են առանց խորհրդականների, չեն քննարկել խաղաղության տեսլականի կոնկրետ մանրամասներ, սակայն Թրամփը կրկնել է, որ ցանկանում է անհապաղ զինադադար և բանակցություններ՝ պատերազմն արագ ավարտելու համար», - ասվում է գործակալության նյութում:
Իր հերթին Զելենսկին փորձել է փոխըմբռնում հաստատել Թրամփի հետ և բացատրել, որ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ պետք կգան, եթե հակամարտությունն ավարտվի։ Գործակալության զրուցակիցներից մեկն ասել է, որ Թրամփը ընկերասեր է, հարգալից և բաց, ինչպես նաև պատրաստ է լսել կողմերին:
Ըստ աղբյուրների՝ հանդիպմանը նշվել են որոշ «առանցքային կետեր», մասնավորապես, որ խաղաղության հասնելը պետք է ուղեկցվի «երաշխիքներով», քանի որ «միայն զինադադարը բավարար չէ»։
Գործակալության տվյալներով՝ Թրամփը «դիտարկում է բոլոր մանրամասները»։