Իմ աղջիկը իրավաբանական ավարտել է գերազանցությամբ։ Ժամանակին դատավոր դառնալու համար ստաժ էր պետք, դա էլ իմ սխալն է, փեսաս ասաց՝ որ դատավոր դառնա, դնենք, մի տեղ աշխատի, կգնա, կգա, որ ստաժ ունենա, ասացի՝ զբաղվեք։ Ես չեմ ողջունել, որովհետև չորս երեխա է ունեցել, երբ ազատվելուց հետո իմացել եմ նման բան է տեղի ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է իր դուստրը կոչում ունեցել և աշխատանքի չի գնացել։
Հարցին, թե ինքն է ստորագրել փոխգնդապետի կոչումը, ինչպե՞ս տեղյակ չէր, Գասպարյանն ասաց, որ ամեն հինգշաբթի 200-ից ավելի հրաման է ստորագրել․ «Ես շատ անգամ չեմ հասցրել։ Ես իմացել եմ, որ ինքը փոխգնդապետ է եղել, բայց ես չեմ իմացել, որ ինքը այդ ռեժիմով բացակայել է։ Ես մտածել եմ՝ չորս երեխա ունի՝ դեկրետներ, մեկրետներ»,-ասաց Գասպարյանը, նշելով, որ կոչումներ էլ տրվում, են ըստ ծառայության ժամկետի։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանը, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին և Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով Յ.Գ.-ին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յ.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, իսկ Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով, Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:
Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել: