ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ազգային անվտանգության շուրջ նոր հուշագիր, որ պետք է որպես ճանապարհային քարտեզ ծառայի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա վարչակազմի համար՝ հակազդելու Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի մերձեցմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին:
Պաշտոնյաները հայտնել են, որ գաղտնի հուշագիրը չպետք է հրապարակվի դրանում առկա որոշ բացահայտումների զգայունության պատճառով։
Ըստ գործակալության զրուցակիցների՝ փաստաթուղթը պարունակում է չորս լայն առաջարկություններ, մասնավորապես՝ բարելավել ԱՄՆ միջգերատեսչական համագործակցությունը, արագացնել վերոնշյալ չորս հակառակորդների վերաբերյալ դաշնակիցների հետ տեղեկատվության փոխանակումը, հարմարեցնել ԱՄՆ կառավարության կողմից պատժամիջոցների և տնտեսական այլ գործիքների կիրառումն՝ առավելագույն արդյունավետության հասնելու համար, ինչպես նաև ուժեղացնել նախապատրաստական աշխատանքները նշված հակառակորդների մասնակցությամբ միաժամանակյա ճգնաժամերի կառավարման համար:
Ինչպես նշում է գործակալությունը, Բայդենի և Թրամփի տեսակետները գլոբալ քաղաքականության վերաբերյալ զգալիորեն տարբերվում են։ Միևնույն ժամանակ, ներկա և ապագա վարչակազմերի պաշտոնյաներն ասել են, որ անցումային շրջանում փորձում են համակարգել գործողություններն ազգային անվտանգության հարցերի շուրջ:
Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ իր համագործակցությունը գործընկերների հետ տարբեր ոլորտներում ուղղված չէ երրորդ երկրների դեմ։