Դեկտեմբերի 13-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման պլաններ չկան։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Ըստ նրա՝ Փաշինյանին անպայման կսպասեն Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
«Նախագահը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին և Սանկտ Պետերբուրգում մյուս գործընկերների հետ սպասում է նրան ավանդական հանդիպմանը, որը ոչ պաշտոնական է, բայց միևնույն ժամանակ այնտեղ կլինեն ԱՊՀ-ն և ԵԱՏՄ երկրների ղեկավարները։ Օրակարգը բովանդակալից է»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։
Այսօր Մոսկվայում՝ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։