Հայկական կողմն, իր հերթին, հայտարարել էր, թե ցանկանում է պահպանել Մակրոնի մասնակցությունը։ Տարաձայնությունը հարթելու համար Բրյուսելը անցած ամիսներին շարունակական շփման մեջ է եղել կողմերի հետ՝ փորձելով գտնել երկուստեք ընդունելի լուծում։ Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ այս հարցում որոշիչ է եղել Ֆրանսիայի արտգործնախարարի վերջին այցը տարածաշրջան, որը ցանկալի արդյունքը չի տվել՝ ակնհայտ դարձնելով, թե՛ կողմերի, թե՛ Փարիզի համար, որ պետք է գտնել փոխզիջումային տարբերակ։ Ըստ այդմ, Երևանը համաձայնել է նախ մեկ հանդիպում անցկացնել առանց Ֆրանսիայի նախագահի, մոտ երկու շաբաթից էլ շարունակել քննարկումը՝ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, թե դա եղել է Բաքվի պայմանը՝ Մակրոնի միջնորդությանը համաձայնելու համար։
Կողմերը նաև համաձայնել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կլինի, երեկ հայտարարել էր Եվրամիությունը։
Առաջիկա հանդիպման մասին որոշ տեղեկություններ են հայտնի դարձել նաև ամերիկյան Pօlitico-ին։
«Մենք այդ հանդիպումը դիտարկում ենք որպես բրյուսելյան եռակողմ ձևաչափի վերսկսում և անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցած կարևոր և դրական քննարկումների շարունակություն»,- ասել են եվրոպացի դիվանագետները։