Երևանի «Փյունիկի» վաճառքի հետ կապված գործարքն ավարտին կհասցվի մինչև տարեվերջ: Այս մասին ArmSport.am-ի հետ զրույցում հայտնել է թիմի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը՝ միաժամանակ հերքելով ռուսական մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Ուրալի մետալուրգիական ընկերություններից մեկը մոտ է հայկական ակումբը գնելուն:
«Չգիտեմ՝ որտեղից են տարածվել այդ լուրերը: Ինձ համար շատ կարևոր է՝ այն մարդը, որը կգնի «Փյունիկը», հասկանա՝ դա պատասխանատվություն է, ոչ թե հոբբի կամ բարեգործություն: «Փյունիկը» Հայաստանի ամենաճանաչված ակումբներից մեկն է, երկրի 16-ակի չեմպիոնը, իսկ մեր ֆուտբոլիստները պարբերաբար ներկայացնում են Հայաստանի հավաքականը: Այս պահին ես, իսկապես, բանակցություններ եմ վարում, բայց անձերի, ոչ թե ընկերությունների հետ, այն էլ՝ ոչ Ռուսաստանից: Մինչ այս երկու ֆուտբոլային ընկերությունների հետ եմ բանակցել Անգլիայից, բայց նրանք, ուսումնասիրելով Հայաստանի առաջնությունը, դեռևս նպատակահարմար չգտան ներդրումներ կատարել հայկական ֆուտբոլում»,- պատմում է Արթուր Սողոմոնյանը:
-Նշեցիք, որ այս պահին բանակցությունների մեջ եք: Ովքե՞ր են ակումբի հնարավոր գնորդները:
-Անհատներ են, իսկ առաջին դեմքը Եվրոպայից է, ոչ թե Ռուսաստանից: Բանակցությունները դրական կերպով են ընթանում. կարծում եմ՝ մինչև դեկտեմբերի 20-ը գործարքը կիրականացնենք ու կհայտարարենք այդ մասին: Հունվարից թիմն արդեն նոր փուլ է սկսելու՝ ուսումնամարզական հավաքների ու նախապատրաստության առումով, և այդ ամենի հետ ես արդեն կապ չեմ ունենալու: Ինձ համար, իսկապես, շատ կարևոր է, թե ով է շարունակելու իմ գործը: Այս ընթացքում շատ լուրջ հետաքրքրություն կար Կիպրոսի բուքմեյքերական ընկերություններից մեկի կողմից, առաջարկում էին շատ լավ գումարներ, ընդ որում՝ մի քանի անգամ, բայց մերժեցի, քանի որ չեմ ցանկանում՝ «Փյունիկը» հայտնվի բուքմեյքերական ընկերությունների ձեռքում: Դա ինձ համար սխալ է: Ինքս նախատեսում եմ որոշակի կարգավիճակում մնալ ակումբում ու շարունակել աշխատանքս ակումբի ակադեմիայում՝ մանակապատանեկան թիմերի զարգացման ուղղությամբ: Գլխավոր թիմի հետ ես գործ չեմ ունենա. այդ ամենը կփոխանցեմ նոր բաժնետերերին, բայց ակադեմիայի հարցերով կզբաղվեմ ես: Այս առումով ևս կարևոր է, թե ով կլինի նոր գնորդը, որպեսզի կարողանանք միասին աշխատել: Ես շատ եմ ցանկանում, որ «Փյունիկը» շարունակի իր վերելքի ուղին: Ակումբի հիմքն ակադեմիան է. մենք ունենք 6-12 տարեկան 2000-ից ավելի երեխաներ, ու ես շատ եմ ցանկանում, որ նրանք հասնեն իրենց ֆուտբոլային երազանքներին: Խոսքը ոչ թե գործարքի, այլ ապագայի մասին է: Այն մարդիկ, որոնց հետո հիմա բանակցություններ են ընթանում, հիանալի գիտակցում են, որ «Փյունիկը» առաջին հերթին պատասխանատվություն է. թիմը պետք է պայքարի ամենաբարձր տեղերի համար և մրցունակ լինի ոչ միայն Հայաստանում, այլև՝ Եվրոպայում: