Forrights.am-ին է ահազանգել 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Արշակյանը և նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է նեթարկվել դեկտեմբերի 16-ին։ Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Երեկ համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, որից հետո, ըստ իր պնդումների, ոստիկանության երկու ծառայող իրեն բռնության է ենթարկել։
«Ես արդեն 15 տարի է այստեղ (Բաբաջանյան փողոցի Զովք սուպերմարկետի դիմացի մայթին) առևտուր եմ անում, ոչ մեկին չեմ խանգարում։ Երեկ ժամը 2:30 հավաքվում էի գնայի տուն, առևտուր չկար, մեկ էլ այդ պահին մի 70 հոգի՝ քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատակիցներով, ոստիկաններով լցվան վրես։ Տեսնեմ ամեն մեկը մի հատ յաշիկ է վերցրել, վազում է, ասում են՝ քաղաքապետարանից ենք առգրավում ենք։ Մի 100 հազար դրամի ապրանք են տարել»,-ներկայացրեց Սամվել Արշակյանը՝ նշելով, որ երբ ապրանքն առգրավել են, ինքն ու կինը բարձր տոնով են սկսել խոսել առգրավվողների հետ, ինչին ի պատասխան ոստիակնությունը սկսել է վիրավորել Սամվելի կնոջը։
Ոստիկանությունն ապրանքս տանում էր, տոնս բարձրացրեցի, իրենք տանում էին դրան, որ տոնս բարձրացնեմ, որ միանգամից ջարդեն։ Մեկ էլ ոստիկաններից մեկը կնոջս մասին ասաց՝ լրբին ասա, թող ձենը կտրի, ասացի լիրբը քո կինն է։ Ինձ ասաց՝ արա էդ ձենդ բարձրացնում ես, ասացի դու ես ստիպում, մեկ էլ, թե բա սրան բերման ենթարկեք»,-ասում է Սամվելը և հավաստիացնում, թե իրեն նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան ու հայհոյանքերով ուղորդվող ծեծի ենթարկել։
«Միանգամից գլուխս կախեցին, ոնց հանցագործներին են անում, որ զենք է լինում մոտները կամ թմրանյութ։ Տարան քցեցին բորդյուրի վրա, հետո մտցրեցին ավտոն, նստեցրեցին հետևը։ Ով նստել էր կողքս գլուխս կոխել էր նստարանի արանքը, ծնկներով հելել էր վրաս։ Օպել մակնիշի ավտոմեքենա էր, բայց իրենք համազգեստով էին։ Մտցրեցին ավտոն ու իմ հետ ամենավերջին քֆուրներով խոսեցին։ Մինչ ոստիկանության Շահումյանի բաժին (Մալաթիայի բաժին) իմ գլուխը նստարանի արանքն է եղել, մեկն ասաց՝ հերիք է խփես, խփողն ասաց՝ մեկ է սա բողոքելու է։ Քֆուրներով խփում էր՝ կբողեքես, ինչ կանես, տունդ սենց կանեմ։ Ասում եմ բերանս չորացել ա, թող շնչեմ, ասում ա՝ սրա տունը մեր տնից լավն ա ու խփում է։ Երկու հոգով էին խփում»,-ասաց Սամվել Արշակյանը՝ նշելով, որ ոստիկաններին, որոնք չեն ներկայացել, հայտնել է, թե աչքերի հետ կապված խնդիր ունի, երբ դա լսել են, ըստ քաղաքացու, խփել էլ են աչքերին։
«Էն մեկն էլ ասաց նայի ինձ, քֆուր կերավ, որ չի խփի, նայեցի՝ երկու անգամ ձեռքով խփեց աչքերիս»,-ասում է նա ու ցուց է տալիս մարմնի կապտուկները, որոնք պնդում է, թե ոստիկանների հարվածների հետևանքով են եղել։