Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի․ լրագրողի հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել․ 168․am

12:25, 11 մայիս 2023
Տիգրան Ավինյանն ընդդեմ Դավիթ Սարգսյանի․ լրագրողի հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել․ 168․am

168.am-ը գրում է, որ 2023թ. փետրվարի 25-ին իրենց կայքում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:

Տեսանյութը վերնագրված էր այսպես՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Ավինյանը դատական հայց է ներկայացրել, պատասխանողներ են Դավիթ Սարգսյանը և «168 ժամ» ՍՊԸ-ն: Տիգրան Ավինյանն ու նրա ներկայացուցիչը՝ Հարություն Հարությունյանը, հերքման պահանջ մինչ դատարան դիմելը չեն ներկայացրել: Ավելին, հայցը վարույթ ընդունելուց հետո ոչ Դավիթ Սարգսյանը, ոչ 168.am-ը որևէ անգամ ծանուցում չեն ստացել:

 Դավիթ Սարգսյանի աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել, քանի որ հայցվոր կողմը դատարանից պահանջել է կիրառել հայցի ապահովման միջոց, ինչը բավարարվել է մասնակի, 9 միլիոն դրամի չափով:

«Տիգրան Ավինյանի հայցի մասին տեղեկացել եմ Դատալեքսի միջոցով: Հայցադիմումն առ այսօր չեմ ստացել, բայց հայցի ապահովման միջոցը կիրառվել է առանց նույնիսկ հայցադիմումն ինձ ուղարկելու»,- ասել է Դավիթ Սարգսյանը:

Այն մասին, որ իր աշխատավարձային քարտի վրա արգելանք է դրվել, լրագրողը տեղեկացել է երեկ երեկոյան, երբ ցանկացել է վճարել կոմունալ վարձավճարներն ու չի կարողացել դա անել:

«Ուշ երեկոյան պարզել եմ, որ կալանքը դրված է դատարանի՝ մայիսի 2-ի որոշմամբ: Դատարանը փաստորեն մայիսի 8-ին է ստացել որոշումը ու հենց այդ օրն էլ կալանք է դրել հաշվիս վրա: Այսօր առավոտյան էլ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող (ԴԱՀԿ) ծառայությունից իմացել եմ, որ 9 միլիոն դրամի չափով է արգելանք դրված իմ հաշվեհամարի ու անշարժ գույքի նկատմամբ»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Ստացվում է, որ եթե Դատարանը միջանկյալ միջոց կիրառելու ու լրագրողի հաշիվների ու գույքի վրա կալանք դնելու հայցապահանջը բավարարել է մասնակի, այն է՝ 9 միլիոն դրամի չափով, ուրեմն Տիգրան Ավինյանը շատ ավելի մեծ գումար է պահանջել:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ