«Մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին հարգել իր երկրի ներսում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հայ լրագրող Հայկարամ Նահապետյանի հարցին, թե ինչ ճակատագրի է արժանացել Ռուբեն Վարդանյանը և Ադրբեջանի բանտերում պահվող մյուս հայերը։
«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի ներսում բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին հարգել իր երկրի ներսում գտնվող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների իրավունքները և հիմնարար ազատությունները: Մենք կշարունակենք վարել այդ քաղաքականությունը»,- ասել է նա։
Հարցին՝ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիա կատարած այցի ընթացքում քննարկե՞լ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, Միլլերը պատասխանել է.
«Ես չեմ պատրաստվում խոսել մասնավոր դիվանագիտական զրույցների մասին։ Բայց կարող եմ ասել ձեզ, որ, իհարկե, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների շուրջ մենք կանոնավոր կերպով շփվում ենք երկու երկրների պաշտոնյաների հետ »։