Հետևեք մեզ։

Արման Դիլանյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին

13:43, 19 դեկտեմբեր 2024
Արման Դիլանյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Բարձրագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին
2024 թվականի դեկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Երևանում կայացած Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստին, որը նախագահել է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։
 
Ողջունելով նիստի մասնակիցներին, ՀՀ ՍԴ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԱՊՀ անդամ պետությունների Բարձր դատարանների նախագահների խորհրդի նիստերը հիանալի հարթակ են ազգային դատարանների միջև երկխոսության զարգացման համար՝ հաշվի առնելով նաև անդամ երկրների իրավական մշակույթների պատմականորեն հաստատված ընդհանրությունը։
 
«Մեր գլխավոր նպատակը դատական համակարգի գործունեության արդյունավետության և հանրային վստահության բարձրացումն է։ Այս համատեքստում, անկասկած, բոլոր սոցիալական, քաղաքական շերտերի ու խմբերի լուրջ փոխըմբռնում և համախմբում է պահանջվում, որպեսզի ձևավորվի սահմանադրական և իրավական մշակույթ, որը քայլ առ քայլ կմոտեցնի մեզ իդեալին։ Սակայն, այս հարցում հիմնական բեռը դատավորի և դատարանների վրա է։ Այն ենթադրում է դատավորների և դատարանների աշխատակազմի մասնագիտական հմտությունների մշտական զարգացում, դատական ակտերի որակի բարելավում և ազգային դատարանների ու միջազգային դատարանների միջև երկխոսության ակտիվացում: Այս առումով հատկապես կարևոր է գործընկեր դատարանների, միջազգային կազմակերպությունների, այս ոլորտի փորձագետների և գիտնականների երկարաժամկետ և սերտ համագործակցությունը։
 
Հարկ է նշել, որ չնայած գործադիր իշխանության մեր գործընկերների թերահավատությանը և ակադեմիական շրջանակներում առկա հակասական կարծիքներին, այսօր մենք ավելի ու ավելի շատ ենք խոսում դատական դիվանագիտության մասին։ Իհարկե, մենք շատ զգույշ ենք մոտենում այս երևույթին և գիտակցում ենք, որ գործադիր իշխանությունն է պատասխանատու արտաքին քաղաքական նպատակների իրականացման համար։ Միաժամանակ կարծում ենք, որ այսօր դատական դիվանագիտությունն ակնհայտ իրողություն է, և դա հնարավոր չէ անտեսել»,- իր խոսքում նշել է ՀՀ ՍԴ նախագահը։
 
Արման Դիլանյանը՝ կարևորելով ազգային և միջազգային դատարանների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության և երկխոսության բազմաթիվ հարթակների առկայությունը, որոնք հնարավորություն են ստեղծում ոչ միայն քննարկելու դատարանների առջև ծառացած համընդհանուր բնույթի խնդիրներն ու մարտահրավերները, այլ նաև մշակելու դրանց հաղթահարմանն ուղղված ընդհանուր և նորարարական լուծումներ, Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք։
 
Ծանոթագրություն․ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդը ձևավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված և 2022 թվականի նոյեմբերի 26-ին ուժի մեջ մտած՝ «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհուրդ ձևավորելու մասին» համաձայնագրի ուժով:
 
Խորհրդի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը։ Դեռևս 2023 թվականի փետրվարի 20-ին կայացած՝ Խորհրդի կազմակերպչական անդրանիկ նիստի ընթացքում, Խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը: 2024 թվականի դեկտեմբերի 12-ին, Երևանում կայացած նիստում Խորհրդի նախագահությունը հաջորդաբար ստանձնել է Բելառուսի Հանրապետությունը: