Հետևեք մեզ։

Շտապօգնության 6 մեքենա Հայաստանին` Կորեայի Հանրապետությունից

13:05, 19 դեկտեմբեր 2024
Շտապօգնության 6 մեքենա Հայաստանին` Կորեայի Հանրապետությունից

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել են Կորեայի Հանրապետության դեսպանության և Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ)  ներկայացուցիչներին: 

 «Անցնող տարվա ընթացքում կորեացի գործընկերների հետ արձանագրել ենք կառուցողական համագործակցություն»,- նշել է նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն` ընդգծելով  հատկապես առողջության համապարփակ ապահովագրության, բժշկական ծառայությունների որակի բարելավման և էլեկտրոնային առողջապահության ոլորտում  կորեական լավագույն փորձի ուսումնասիրությունը: Նա կարևորել է նաև Երևանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության գրասենյակի բացումը, ինչը կնպաստի հետագա համագործակցությանը:

Ի նշան փոխադարձ բարեկամության և համագործակցության` Կորեայի Հանրապետության կառավարությունը Զարգացման պաշտոնական աջակցության (ODA) 2024թ. ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերել է շտապօգնության 6 մեքենա, որոնցով  կթարմացվի Հանրապետական շտապօգնության ծառայության ավտոպարկը:

«Այս փուլում, երբ իրականացնում ենք շտապօգնության ոլորտի բարեփոխումներ, շտապօգնության ավտոպարկը ևս 6 մեքենայով համալրելը կօգնի ավելի լավ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- նշել է փոխնախարար Արմեն Գասպարյանը: 

Քննարկվել է նաև մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում հնարավոր աջակցության հնարավորությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները