Ռուսաստանը հանդես է գալիս որպես միջնորդ ԼՂ հարցում, Հայաստանից և Ադրբեջանից զսպվածություն է ակնկալում և կշարունակի շփումները Բաքվի և Երևանի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե շփումները շարունակվում են, բառացիորեն նախօրեին Պուտինը առանձին զրույց է ունեցել Հաղթանակի տոնի առթիվ Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, շփումները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են»,- ասել է նա և հավելել, որ սահմանագոտում լարվածության ֆոնին առանձնազրույցներ Ալիևի և Փաշինյանի հետ ՌԴ նախագահը չի նախատեսում:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի կատարել իր գործառույթները, որոնք նախատեսված են եռակողմ փաստաթղթերի համաձայն։
«Իհարկե, մենք կողմերից զուսպ մոտեցում ենք ակնկալում եւ կոչ ենք անում չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ