Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության. ՌԴ փոխարտգործնախարար

10:47, 20 դեկտեմբեր 2024
ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության. ՌԴ փոխարտգործնախարար

«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, և մենք այդ ռիսկերը հաշվի ենք առնում ռազմական պլանավորման գործընթացում։ Միաժամանակ մենք խորհուրդ ենք տալիս Արևմուտքին չանել նման փորձեր»։

Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Նա հավելել է, որ բոլոր կողմերի շահերից է բխում իրավիճակն այս աստիճան չսրելը.

«Ռուսաստանը պարբերաբար ուղիղ առճակատումներից խուսափելու քաղաքական կուրս է վարում։ Սակայն մեզ ուղարկված ազդակներից պարզ է դառնում, որ մյուս կողմը մտադիր է ստուգել մեր ուժերը։ Օվկիանոսից այն կողմ նրանք հաշվի են նստում մեզ հետ: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Այս բոլոր ռիսկերը հաշվի են առնվում պաշտպանության ոլորտում ձեռնարկվող բոլոր միջոցառումներում։ Մեր երկրի անվտանգությունը կապահովվի՝ կախված իրադարձությունների զարգացումից՝ ցանկացած ուղղությամբ»։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով, Հյուսիսատլանտյան դաշինքի սահմանած կուրսը վտանգ է ներկայացնում ոչ միայն իր երկրի, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ճարտարապետության համար.

«Հաստատվել է, որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում ուղղակի սպառնալիք է ներկայացնում Արևմուտքի և նրա դաշնակիցների անվտանգությանը։ Իրականացնելով այս քաղաքականությունը՝ ՆԱՏՕ-ն փորձում է առավելություններ ստանալ բոլոր ոլորտներում, ընդլայնել իր ռազմական ներկայությունը մեր սահմանների երկայնքով և վարժանքներ անցկացնել։ Դաշինքը նաև զարգացնում է լոգիստիկ ենթակառուցվածքը՝ զորքերի արագ տեղակայման հնարավորություն տալու համար: Տարածաշրջանային պաշտպանության պլաններն ընդունվել են հենց այս պատճառով»։