Կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը խոսել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունների կատարման մասին. «Գիտեք նաև, որ հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում գործող թիվ մեկ ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Եվ 2021թ., նախընտրական մեր խոստման համաձայն, ժողովուրդը, ի դեմս Կառավարության, փայաբաժին է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Եվ որպես առաջնային արդյունք՝ ուզում եմ արձանագրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022թ. վճարել է ռեկորդային ծավալի հարկեր՝ 145 մլրդ 536 մլն ՀՀ դրամի: Խնդրում եմ թիվը հիշեք՝ 145 մլրդ 536 մլն ՀՀ դրամ: Օրինակ, 2016թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 7,8 մլրդ ՀՀ դրամ հարկ: 7,8 մլրդ ՀՀ դրամ և 145 մլրդ ՀՀ դրամ: 2023թ. առաջին եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 14 մլրդ ՀՀ դրամ հարկ, այսինքն՝ առաջին եռամսյակում երկու անգամ ավելի շատ հարկ, քան ամբողջ 2016թ. միասին վերցրած:
Իհարկե, պետք է հիշել, որ այս վիճակագրության մեջ պղնձի միջազգային գները, իհարկե, ունեն որոշակի դերակատարում, և դրա համար մենք խոշորացված որոշակի պատկերներ նաև կստանանք: Տեսեք՝ ինչ հետաքրքիր դինամիկա ունենք. ինչպես ասացի, 2016թ. ԶՊՄԿ-ն վճարել է 7,8 մլրդ ՀՀ դրամ հարկ, 2017թ.՝ 18,6 մլրդ ՀՀ դրամ հարկ, 2018թ. արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը դարձել են 50,2 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 3 անգամ աճ են արձանագրել:
Հետաքրքիր է, որ 2019թ. և 2020թ. ԶՊՄԿ-ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ կապված կարող է սա լինել. երբ հիմա հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ. իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Իհարկե, 2019թ. այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչին ազատել ենք իր պաշտոնից և 2020թ. ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու՝ քովիդի և պատերազմի պատճառով այդ թեմայով: Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմիններն այս դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն:
Հետո՝ 2021թ. արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով, այսինքն՝ 2020թ. նկատմամբ աճը՝ 43 տոկոս, իսկ 2022թ. բացարձակ ռեկորդ՝ 145 մլրդ ՀՀ դրամ: 2022թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի շատ հարկ է վճարել, քան 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին միասին վերցրած, դեռ գումարած նաև 2020թ. վճարած հարկերը: Այսինքն՝ մեկ տարում գործնականում վեց տարվա չափ հարկ է վճարել, բայց քանի որ գներն որոշակի դերակատարում ունեն, էական են նաև որոշակի խոշորացված տվյալներ ներկայացնելը:
2013-2017թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 105 մլրդ ՀՀ դրամի հարկ, 2018-2022թթ.՝ 345 մլրդ ՀՀ դրամի հարկ: Այսինքն՝ աճը կազմել է 228 տոկոս: Իհարկե, խնդրում եմ միշտ հիշեք, որ այս վիճակագրության մեջ կա պղնձի միջազգային գների գործոնը, որոնք որոշակի, իհարկե, տատանումներ ունեցել են, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, այս դիագրամները կամ թվերը որոշակի պատկերացում տալիս են»: