ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ առևտրի աճը գրեթե երկու անգամ շատ լավ արդյունք է։
«Իհարկե, աշխատելու շատ հարցեր կան՝ ի նպաստ այդ համագործակցության զարգացման, բայց առևտրի աճը գրեթե երկու անգամ շատ լավ արդյունք է»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար կարևոր հարցերի լայն շրջանակ:
«Դրանք հարցեր են, որոնք վերաբերում են տնտեսությանը և առևտրին, էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Տարվա արդյունքներով մենք արձանագրել ենք շատ լավ ցուցանիշներ, համակարգային աճ բոլոր ուղղություններով»,-նշել է փոխվարչապետը։
Նա նաև հիշեցրել է Երևանում Հայ-ռուսական համալսարանի աշխատանքի մասին համաձայնագրի ստորագրման մասին։
ՀՌՀ-ն հումանիտար ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագծերից մեկն է։ Նրա գործունեության մասին 1997 թվականի համաձայնագիրը դադարեց համապատասխանել երկու երկրների օրենսդրությանը, ուստի հասունացավ նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև հումանիտար ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: