Հետևեք մեզ։

Քաջ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ. Շիրակի մարզպետ

19:46, 20 դեկտեմբեր 2024
Քաջ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր անցկացրել է աշխատանքային առաջին խորհրդակցությունը աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:

«Հարգելի գործընկերներ, քաջ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնել եմ մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո և պատասխանատվություն, պատրաստակամություն և անաչառ աշխատանք ակնկալում եմ նաև ձեզանից։ Գիտեմ, որ մարզպետի աշխատակազմում բազմափորձ ու գիտակ մասնագետներ են աշխատում, այնպես որ ակնկալում եմ շատ բարձր մակարդակի պարտականությունների կատարում, թիմային աշխատանք, համատեղ ջանքերի կենտրոնացում։ Որպես ղեկավար բաց եմ քննարկելու բոլոր խնդիրներն ու ձեզ հետ անելու հնարավորը ցանկացած առաջադրանք ժամանակին ու որակով կատարելու հարցում»,- ողջունելով աշխատակազմի պատասխանատուներին՝ նշել է Շիրակի նորանշանակ մարզպետը։

 

Դավիթ Առուշանյանը ընդգծել է, որ կարևոր է համարում աշխատակազմի մարդակենտրոն ու մարդասեր աշխատանքը, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արագ տեղայնացումը, բոլոր ոլորտներում խնդիրների արագ արձանագրումն ու դրանց լուծման հետևից առանց հապաղելու գնալը։

 

Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները մարզպետին են ներկայացրել կատարված աշխատանքները, ընթացիկ ծրագրերի մասին զեկուցել։ Անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, քաղաքաշինական և գյուղատնտեսական ծրագրերին, կրթության, առողջապահության բնագավառներում առկա խնդիրներին։