Հետևեք մեզ։

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը

21:18, 20 դեկտեմբեր 2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները: Մասնավորապես՝ մշակվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:

 

Ընդգծվել է, որ միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում են «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի մշակման, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման, ընդհանուր տրանսպորտի և շարժունակության շրջանակի գնահատման իրականացում: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի մշակման շրջանակում իրականացվելու է ղեկավար կազմի վերապատրաստում, տեխնոլոգիական կլաստերի կառավարման մոդելի մշակում, բուհերի միավորման ճանապարհային քարտեզի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման ճանապարհային քարտեզի մշակում, նորարարությունների խթանման ուղղությամբ աջակցություն: 

 

Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման շրջանակում իրականացվելու են ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքների հետազոտություններ, տնտեսական միտումների վերլուծություններ և այլն: Շարունակվելու են աշխատանքներն «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնականացման և արդեն իսկ շենքերի նախագծման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքի այն ծավալը, որը վերաբերում է մեր երկրի օրենսդրության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, կիրականացվի տեղական գործընկերների կողմից: 

 

Անդրադարձ է կատարվել նաև տարածքի ակտիվացման փուլերին, որոնք ներառում են տարածքի նախապատրաստման, համապատասխան ճանապարհների կառուցման, կանաչապատման աշխատանքները, որոշակի հատվածների՝ երկաթգծի կայարանի, կացարանային հատվածի, մարզադաշտի և մշակույթի կենտրոնի կառուցմանը և այլն: Նշվել է, որ աշխատանքներ են տարվում 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում միջազգային կոնֆերանսի անցկացման շուրջ: