Նիկոլ Փաշինյանը գրել է բանտային կյանքի մասին.
««Բանտային օրագիր». I'm back
16-ը հուլիսի, 2009թ., «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ
Իմ առաջին բանտային զգացողությունը վերածննդի զգացողությունն էր։
Ընդհատակյա 1 տարի 4 ամիսը, արդեն ասել եմ, իմ կյանքի ամենալուսավոր շրջանն էր, մարդկային, բարոյական արժեքների նկատմամբ հավատի ամրապնդմանը ծառայած ժամանակ։ Առօրեական, սովորական պայմաններում, երբ կյանքը մրցավազք է թվում, երբ ապրում ենք խելահեղ տեմպով, հաճախ սկսում ենք մտածել, թե մարդը կորցրել է մերձավորին սիրելու ընդունակությունը, թվում է՝ թե մարդն այլևս ի վիճակի չէ հանուն ուրիշի ինքն իրեն վտանգել, ի հեճուկս սեփական անվտանգության՝ ուրիշի ապավեն ու պաշտպան լինել։ Մեզ երբեմն թվում է, թե մարդիկ այլևս ի վիճակի են միայն սեփական մանր շահերին կառչած մնալ՝ ուրիշներին խաբելու, քցելու, վաճառքի հանելու հաշվին։ Մարդիկ, երբեմն, մեզ թվում են վախկոտ և անընդունակ խիզախումի...
Ընդհատակյա 1 տարի 4 ամիսն ինձ համար ավելի ու ավելի ակնհայտ դարձրեց, որ դրսի, սովորական, առօրեական կյանքի հաղորդած տպավորությունները շատ հաճախ սին են, խաբուսիկ, որ «Մարդ»՝ իսկապես հպարտ է հնչում, որ մենք ինքներս ենք հաճախ արժեզրկում այդ հասկացությունը, և ինքներս էլ ի վիճակի ենք այն լեցուն պահել բարձր բովանդակությամբ։ Պահել, ընդամենը պահել, որովհետև Աստված, ի սկզբանե, մեզ իր պատկերով ու նմանությամբ է ստեղծել, ասել է թե՝ մեր սկիզբը բարձր է և մաքուր։
«Մարդ» հասկացությունը արժեզրկելը հսկայական ջանք է պահանջում, հսկայական չարչարանք, մինչդեռ բարձրությունը պահելու համար չնչին, շատ չնչին բան է հարկավոր. ընդամենը Մարդ մնալ։ Եվ նրանք, ովքեր պնդում են, թե մարդը միս ու արյուն է, սխալվում են, չարաչար են սխալվում, որովհետև միս ու արյուն են նաև եղջերուն, գայլը, ագռավը, ճնճղուկը, ընձուղտն ու կենգուրուն։ Մինչդեռ մարդը առաջին հերթին ոգի է և հոգի, սեր է և հավատ։ Ահա սրանում կրկին անգամ համոզվեցի իմ ընդհատակյա 1 տարի 4 ամսվա գործունեության ընթացքում...
Չնայած սրան, իմ առաջին բանտային զգացողությունը վերածնվածի զգացողություն էր։ Խնդիրն այն է, որ ընդհատակը հրապարակային գործունեությամբ զբաղվող մարդուն մի տեսակ զրկում է կոնկրետությունից։ Ճիշտ է, այս ողջ ընթացքում թերթի էջերից չեն պակասել իմ հրապարակումները, ելույթները, շփումը մարդկանց հետ չի ընդհատվել, բայց այդ շփումը եղել է վիրտուալ, երևութական։ Հանրությունը լսել է ինձ, անգամ տեսել, բայց չի իմացել՝ որտեղ եմ ես գտնվում, և այս փաստը մի տեսակ մշուշոտ ու հարաբերական է դարձրել իմ գոյության փաստը։ Սա ընդհատակյա կյանքի միակ բարդությունն է եղել, և ինձ թվացել է, թե գոլորշիանում եմ։
Միայն բանտում վերգտա հանրության լիարժեք անդամի զգացողությունը։ Մի մարդ դարձա, ով գոյություն ունի կոնկրետ վայրում, և այդ վայրը հայտնի է բոլորին։ Սա արդեն գոյության, կեցության շոշափելի ձև է։ Իսկապես շատ բարդ է ապրել այն զգացողությամբ, որ նույնիսկ քեզ հարազատ ու մերձավոր բազմաթիվ մարդիկ գաղափար անգամ չունեն քո գտնվելու վայրի մասին։ Այսպիսին են կոնսպիրացիայի կանոնները։ Այդ կանոնները պահպանում էինք ոչ միայն իմ, այլև ուրիշ շատերի անվտանգության նկատառումով։ Ի վերջո, գաղտնիքներ իմացող մարդը խոցելի է, և ուրեմն՝ որքան քիչ մարդ է տիրապետում գաղտնիքին, այնքան քիչ են խոցելի մարդիկ։ Կոնսպիրացիան, իհարկե, գրավիչ է և հետաքրքիր, բավարարում է արկածի մարդկային պահանջմունքը։
Ընդհատակում շատ հաճախ տրիումֆի զգացում էինք ապրում՝ ինձ փնտրողների նկատմամբ մեր ինտելեկտուալ, մտավոր առավելությունը արձանագրելով։ Բայց երբ մեր անհավանական հանդուգն «օպերացիաները» հաջողություն էին ունենում, և այդ հաջողությունները հաջորդում էին մեկը մյուսին, կոնսպիրատիվ պայքարը կորցնում էր հետաքրքրությունը։ Երբեմն ինձ համակում էր զգացողություն, թե գոլորշիացել եմ կիսով չափ, իրականում գոյություն ունեցող մարդուց վերածվել եմ օրաթերթում տպագրված տեքստի, կոմպյուտերային ֆայլի, «Յություբի» լրատվության։ Այս պայմաններում մեկ էլ սկսում ես վախենալ, որ «Յություբը» էլ երբեք քեզ բաց չի թողնի, որ իրական կյանքը քեզ համար, դու՝ իրական կյանքի համար կդառնաս անհասանելի...
Ընդհատակից պետք է դուրս գայի մարտին, բայց որոշումս իրագործելուն խանգարեց Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու՝ Հայ ազգային կոնգրեսի որոշումը։ Ընտրություններից առաջ իմ բանտում հայտնվելը բացասական էր ազդելու մեր համախոհների տրամադրությունների վրա։ Որոշեցի ընդհատակից դուրս գալ ընտրություններից անմիջապես հետո։ Բայց մայիսի վերջին ԱԺ նախագահ(…)ը հայտարարեց, թե համաներում է լինելու, ու թե հունիսի առաջին կեսին դուրս գայի ընդհատակից, դա կդիտվեր «համաներման» տակ ընկնելուն ուղղված ափալթափալ փորձ, իսկ երբ «համաներումը» չտարածվեր ինձ վրա, հայլուրները դա գնահատելու էին որպես իմ կողմից արված սխալ հաշվարկ, թակարդն ընկնելու պես մի բան։ Ուստի, բոլոր առումներով ամենահարմար պահը հուլիսի 1-ն էր։
Եվ հիմա՝ «ԵրևանԿենտրոն» ՔԿՀում, ինձ ազատագրված եմ համարում «Յություբի» ամենակալ ճիրաններից, ինձ զգում եմ հայաստանյան կյանքի լիարժեք մասնակից։ Սա այլ կերպ, քան վերածնունդ՝ դժվար է անվանել։ Տեսական այդ վերածնունդը կոնկրետ բովանդակություն ստացավ, երբ ի վերջո կրտսեր դստրիկիս՝ Շուշանին, տեսնելու հնարավորություն ստացա։
2008ի մարտի 2-ին, այսինքն՝ իմ ընդհատակ անցնելու օրը, Շուշանը ընդամենը յոթ ամսական է եղել, և «ԵրևանԿենտրոն» ՔԿՀի տեսակցությունների սենյակում մոտ կես ժամ օտարոտի ինձ նայելուց հետո նա սկսեց շփոթված ու զարմացած բացականչել. «Պապանա՜, պապանա՜»։ Իմ մետամորֆոզը միայն նա շոշափելիորեն ու խորությամբ զգաց. հայրիկը կոմպյուտերային ֆայլից վերածվել էր իրական գոյության։
Իհարկե, հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում էին ինձ ետ պահել բանտ տեղափոխվելու որոշումից, ինձ ջերմացնում է նրանց մտահոգությունը իմ անձի համար։ Ամբողջ խնդրին այն է, սակայն, որ բանտում ինձ չի կարող որևէ բան պատահել, որ չի կարող պատահել, չէր կարող պատահել ազատության մեջ։ Ես չէի կարող չվերադառնալ. բանտն էլ Հայաստան է, իրական Հայաստան, այստեղ գտնվում և աշխատում են իրական հայաստանցիներ, և ես ուրախ եմ, ահավոր ուրախ, որ շրջապատված եմ իրական Հայաստանով, իրական հայաստանցիներով։
Ես ձեզ, բոլորիդ շատ էի կարոտել...»: