Հետևեք մեզ։

Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»

09:46, 21 դեկտեմբեր 2024
Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Առաջին հայկական ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՀՖՖ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չի հանդարտվում:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանը օրեր առաջ վիճաբանություն է ունեցել ՖԱՖ-ի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հնչել են նաև հայհոյանքներ: Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է եղել, որ ՖԱՖ-ի ներկայացուցիչները պահանջել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

 

Վիճաբանությունը տեղի էր ունեցել Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2024-2025 մրցաշրջանում՝ նոյեմբերի 25-ին՝ «Երեւան ՖԱ»-ի եւ «Յունիսպորտի» միջեւ խաղից հետո։

 

Բանն այն է, որ գործող չեմպիոն «Երեւանը» այս մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը, որն էլ դարձել է կռվի պատճառ։

 

ArmLur.am-ի հետ զրույցում Ռուբեն Նազարեթյանը հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ ինքը հայ մարդու չի հայհոյում:

 

«Ես այս երկրի համար շատ բան արած մարդ եմ ու հայ մարդկանց չեմ հայհոյում, ես մենակ թուրքերին եմ հայհոյում, եթե մեջները թուրք եղել ա, միանշանակ կարող է հայհոյած լինեմ», – մեզ հետ զրույցում ասաց նա:

 

Ռուբեն Նազարեթյանը, բացի ՀՖՖ գլխավոր մարզիչ լինելուց, նաեւ մարզում է Ֆուտզալի «Երեւան» թիմին։

 

Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանը նախկինում ջերմ հարաբերություններ ուներ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, սակայն նկատելի է, որ նա վերջին շրջանում, կարծես թե, անցել է Արմեն Մելիքբեկյանի կողմը և անմոռաց սատարում է ՀՖՖ ներկայիս նախագահին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում