Հետևեք մեզ։

Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները վերափոխվել են ռազմավարական գործընկերության․ Փաշինյանը՝ Մակրոնին

11:30, 21 դեկտեմբեր 2024
Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները վերափոխվել են ռազմավարական գործընկերության․ Փաշինյանը՝ Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին ծննդյան տարեդարձի առթիվ:

 

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։

 

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

 

Ջերմությամբ եմ հիշում դեկտեմբերի 7-ին Փարիզ կատարած իմ այցը և մասնակցությունը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հուզիչ և խորհրդանշական միջոցառմանը:

 

Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը։

 

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել տարեվերջյան տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նոր տարում մաղթելով Ձեզ հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

 

Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»,-նշված է ուղերձում։