Հետևեք մեզ։

25 հազար էջանոց գործը հորս թարգմանում է ադրբեջանական դատախազության նշանակած թարգմանիչը՝ բանավոր․ Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է հոր «լիակատար մեկուսացման» մասին

13:38, 21 դեկտեմբեր 2024
25 հազար էջանոց գործը հորս թարգմանում է ադրբեջանական դատախազության նշանակած թարգմանիչը՝ բանավոր․ Ռուբեն Վարդանյանի որդին հայտարարել է հոր «լիակատար մեկուսացման» մասին

 RTVI հեռուստաալիքի հետ զրուցել է ավելի քան մեկ տարի Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթը։

«Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, ոքվեր հասանելիություն ունեն նրան, ադրբեջանցի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել ոչ միայն տեսնել հորս, այլ նույնիսկ կապ հաստատել նրա հետ։ Այսինքն՝ սա տեղեկատվական ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- ասում է Դավիթ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ «Անկախ բժիշկները» նույնպես չեն կարող այցելել ԼՂՀ նախկին պետնախարարին.

«Միակ բանը, որ եղավ, հետազոտությունն էր, որ պետական ​​հիվանդանոցն արեց նրա հացադուլից հետո։ Որոշ այցեր կան, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից, բայց, դարձյալ, սա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային են»,- ասել է Դավիթ Վարդանյանը, ապա հավելել,-«Նրանք աշխատում են այնպես, ինչպես կարող են, բայց նրանց ձեռքերը նույնպես շատ կապված են այնտեղ: Մենք չենք կարող կանոնավոր նամակներ ուղարկել։ Ինչպես ինձ ասաց հայրս, վերջին վեց ամսվա ընթացքում նա անսահման թվով նամակներ է ուղարկել։ Դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել, այսինքն՝ մեզ մոտ էլ է այս կապի մեթոդը կտրված»։

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի որդին նշել է, որ ինքը զանգում է հորը, սակայն հեռախոսով «որոշ հարցեր» քննարկել չեն կարող։ Նա նաև ասել է, որ ընտանիքը երախտապարտ է տեղի ադրբեջանցի փաստաբանին, ով փաստացի «վտանգում է իր կյանքը»:

Դավիթ Վարդանյանը հաստատել է, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ Նրա խոսքով՝ քրեական գործը պարունակում է 25 հազար էջ՝ ադրբեջաներեն, որոնք իր համար բանավոր թարգմանվում են  դատախազության կողմից նշանակված թարգմանչի կողմից։

«Սա բավականին հին ռազմավարություն է. եթե նորմալ գործ չունես, ապա ուղղակի նման մակուլատուրա ես գրում և դրանով փորձում խեղդել քո մեղադրյալին»,- ասել է ԼՂՀ նախկին պետնախարարի որդին։ 

Նա նշել է, որ ընտանիքը երախտապարտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հույս է հայտնել, որ Ադրբեջանը կառաջնորդվի «մարդասիրական նկատառումներով» Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունների նկատմամբ։

«Մենք աներևակայելի երախտապարտ ենք նման խոսքերի համար և հուսով ենք, որ դրանք ականջալուր կլինեն», - ասել է նա: