Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գիշերելու է նախագահի նստավայրում՝ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալության արարողությունից մեկ օր առաջ։ «Ողջունում եմ ձեզ Օրբելիանի պալատից, ես այստեղ կլինեմ, և վաղը առավոտյան ժամը 10-ին կսպասեմ ձեզ Օրբելիանի պալատում, և այստեղից կասեմ, թե ինչպիսին կլինի վաղը»,- ասել է նա տեսաուղերձում։
Նշենք, որ շաբաթ օրը լրացավ ուղիղ մեկ ամիս Թբիլիսիում շարունակվող ընդդիմության բողոքի ակցիաների մեկնարկից։ Դրանց պատճառ է դարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն այն մասին, որ երկիրը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականի ավարտը, ինչպես նաև ԵՄ-ի բոլոր բյուջետային դրամաշնորհներից։