Ճանապարհեցինք 2024-ը. թվականները ոչինչ չեն փոխում և ինքնաբերաբար հրաշքներ չեն գործում: Նախորդ տարվա մեր գործողությունների վերանայումը, մեր քայլերի արդյունքի ու հետևանքի օբյեկտիվ վերլուծությունը բերում են առավել բարենպաստ իրականության, դասեր քաղենք անցյալից ու ավելի լավ գործենք հանուն մեր երկրի և մեր ապագայի:
2025-ին թող իրականություն դառնան յուրաքանչյուրիս միայն բարի նպատակները, թող մեր գործողությունները հասցնեն նրան, որ իրականություն դառնան արցախցի մեր հայրենակիցների տունդարձի երազանքները, թող տուն դառնան Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցները, թող ոչ մի եկեղեցի առանց զանգերի ղողանջի չմնա, թող ոչ մի օրորոց առանց մանկան ճիչի չմնա, թող անառիկ դառնան մեր երկրի սահմանները:
Մեր զինվորները թող խաղաղ երկնքի տակ ծառայեն:
Մեր հայրենիքի գոյության, մեր այսօրվա ու վաղվա համար պարտական ենք մեր նահատակ հերոսներին, կռվի դաշտում իրենց կյանքը զոհասեղանին դրած հայ մարտիկներին ու ուշիմ, հայրենասեր զինվորականներին: Փառք նրանց ու փառք նահատակների հավերժական հիշատակին:
2025-ին յուրաքանչյուրս մեր ներդրումն ունենանք, որպեսզի պառակտվածությունը վերածվի միասնականության, որի կարիքը մեր երկիրը չափազանց շատ ունի, թող ատելությունը վերածվի սիրո, ավելի հանդուրժող լինենք միմյանց հանդեպ, սիրենք և հոգ տանենք մեզ հարազատ մարդկանց համար:
2025-ին արժեվորենք այն արժեքները, որոնք արժեզրկվել են, պահենք, փայփայենք ու սիրենք մեզ բաժին հասած հայրենիքն ու առավել ամուր դարձնենք այն:
Սովորենք շնորհակալություն հայտնել լավի համար, փորձենք ուղղել հակառակ պտտվող անիվը, ձեռք մեկնենք օգնության կարիք ունեցողին, վանենք անտարբերությունը...
Շնորհակալություն լուռ ու հավատարիմ ծառայող մարդկանց, երախտապարտ ենք հայ զինվորին, առանձնահատուկ շնորհակալություն մեր ընթերցողներին` 2024-ը ևս մեզ հետ անցկացնելու համար: Մենք միասին դեռ երկար ճանապարհ ենք անցնելու` դրական լուրեր հաղորդելու հույսով:
Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման տարի: Մաղթում ենք, որ յուրաքանչյուր ընտանիքում թևածի սերն ու համերաշխությունը, խաղաղ երկնքի տակ ապրենք:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Աստված պահապան մեր երկրին:
Hayastan.news-ի խմբագրակազմ