«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական նախաձեռնության անդամները մայիսի 12-ին Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնում Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին եւ ՀՀ կառավարությանը։
Նախաձեռնության անդամներից ՀՊՏՀ ասպիրանտ Տիգրան Միքայելյանը, որը ծնունդով Արցախից է, ասաց, որ իր ընտանիքի անդամները գտնվում են Ստեփանակերտում, իսկ ինքը մնացել է Հայաստանում ու Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ իր ծննդավայր Ստեփանակերտ։
«Հիմա, Արցախում երիտասարդների կողմից ստեղծված «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» ակցիայի շրջանակներում, հաշվի առնելով, որ ճանապարհը փակ է և իրենք ֆիզիկապես հնարավորություն չունեն անձամբ հանձնել ստորագրությունները, այսօր մենք հանձնում ենք շահագրիռ մարմիններին՝ ակնկալելով իրենցից արդեն սպառիչ գործողություններ, ոչ թե կոչեր»,-ասաց Տիգրան Միքայելյանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ այլ խնդիրներից զատ իրենց համարմտահոգիչն այս պահին անվտանգային հարցերն են և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը։ «Միշտ էլ ասել ենք, որ տուն տանող ճանապարհը միշտ պիտի բաց լինի, հույս ենք պահում, որ լավ է լինելու, մեր ձայնը տեղ կհասնի։ Մենք հիմա նեցուկ ենք կանգնել Արցախում կանգնած մեր քույրերին ու եղբայրներին, մեր երիտասարդներին, որոնք նախաձեռնել են այս շարժումը։ Իրենք հետագայում արդեն լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան»,-ասաց նախաձեռնության արցախցի անդամը։