Հետևեք մեզ։

Մի բիձա՝ երկու ջահել տղայի հետ, բուկետը վերցնում է՝ 30 հատից ավելի վարդ ու տանում․ Եռաբլուրում գողանում են հերոս տղաների շիրմաքարերի ծաղիկները. ծնողներն ահազանգում են. Forrights.am

17:11, 04 հունվար 2025
Մի բիձա՝ երկու ջահել տղայի հետ, բուկետը վերցնում է՝ 30 հատից ավելի վարդ ու տանում․ Եռաբլուրում գողանում են հերոս տղաների շիրմաքարերի ծաղիկները. ծնողներն ահազանգում են. Forrights.am

Հունվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Forrights.am-ի խմբագրություն են ահազանգել տարբեր մարտական գործողությունների ընթացքում զոհված տղաների ծնողներ և հայտնել, որ իրենց տղաների շիրիմներին տեղադրված ծաղիկները գողանում են, ինչն արձանագրվել է ծնողների կողմից տեղադրված տեսախցիկների միջոցով։

 

«Արա, վեկալ»,- Գոռ Ասատրյանի շիրմաքարի մոտ կանգնած երկու անձանցից մեկն այս խոսքերով է մյուսին, հրահանգից հետո նրանցից մեկը վերցնում է մոր կողմից տեղադրված թարմ ծաղիկները։

 

«Պատահական նայեցի, տեսա ծաղիկները չկան։ Դեկտեմբերի 31-ին գիշերն էի դրել, հունվարի 2-ի երեկոյան արդեն վերցնում են»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Գոռի մայրը՝ Իրինա Խաչատրյանը։

 

Գոռը զոհվել է 23 տարեկան հասակում՝ Սոթքի դիրքերում, երբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը հարձայվել է Գեղարքունիքի մարզի վրա։ Գոռը ծնունդով Մխչյան գյուղից էր՝ ավագ լեյտենանտ, արդեն երկու տարի է, ինչ ծառայում էր Սոթքում, մինչ այդ մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Գոռ Ասատրյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, որից հետո երկու տարի ծառայել է Սոթքում։

 

«Իմ տղայի նման տղաները գնացել զոհվել են, իսկ նման տականքները գոնե ծաղիկ դնեն, տանում են ծաղիկները և վաճառում։ Միայն իմ տղայի մոտից չեն տարել։ Ես առաջին անգամ եմ նկատում, որ տանում են, էլի էի տեսել, որ չկա, բայց մտածել եմ՝ փչացել է, տարել են։ Իմ տղան զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան ժամը 12:30-ին հրետանին խփել է»,-ասաց մայրը։

 

Գոռ Ասատրյանի շիրիմից ծաղիկների գողությունն արձանագրել է սեպտեմբերյան մարտերի ժամանակ Սոթքում զոհված մեկ այլ զինծառայողի ծնողներից տեղադրված տեսախցիկը։ Նրա մայրը Forrights.am-ին հայտնեց հետևյալը․ «Ծաղիկների դեպքի հետ կապված մեր ջղայնությունը մեծ է։ Դեկտեմբերի 31-ին ծնողը տարել ծաղիկ է դրել, որ շիրմաքարը սիրուն լինի, տարել են, տեսանք քարացել ենք։ Ճիշտ չէ, որ լռենք, չենք կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը մտնի Եռաբլուր և պղծի մեր երեխաների շիրիմները։ Ռազմականից շատ քիչ մարդ է այնտեղ նստում՝ երկու հոգի, մենք ասում ենք, որ իրենք շատանան, տարածքում պտտվեն»։

 

Ծաղիկների գողության դեպք է տեղի ունեցել նաև 44-օրյա պատերազմի մասնակից Մովսես Պետրոսյանի շիրմաքարից։ Մայրը 19-ամյա որդու գերեզմանին երեսունից ավելի վարդեր է տարել, եկել է տուն, միացրել տեսախցիկը, որ առողջական խնդիրներ ունեցող ամուսինն էլ տեսնի, քանի որ ի վիճակի չէ այցելել տղային, սակայն տեսել են ծաղիկները չկան։

 

«Մի բիձա՝ երկու ջահել տղայի հետ, բուկետը վերցնում է՝ 30 հատից ավելի վարդ ու տանում է։ Ամսի 2-ին ժամը վեցին ծաղիկները տարել են, ես ժամը հինգին եկա տուն, ասացի կամեռան միացնեմ ամուսինս տեսնի, հիվանդ է, չի կարողանում Եռաբլուր գալ, տեսանք ծաղկամանը դատարկ է։ Հարցը ծաղիկը չէ, հարցը այն է, որ գողություն են անում, վաղն էլ կարող է գան շիրմաքարը պոկեն տանեն։ Ասում  են՝ այդ մարդը տարել ծախել է ծաղիկները, փող է առել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Մովսեսի մայրը՝ տիկին Ռասիան։

 

Մովսեսն Արցախի Մարտունի քաղաքից էր։ Մայրն ասաց, որ որդին խոշտանգվել է թշնամու կողմից, իսկ այստեղ պղծում են որդու հիշատակը։

 

«Թուրքը գլուխը կտրել է, ես ու ամուսինս ԴՆԹ-ով ենք ճանաչել, մեզ առանց գլուխ մարմին էին տվել։ Ես երեք օր տղայիս էի զանգում, ադրբեջանցիներ էինվպատասխանում, ասում էր՝ գլուխը կտրել եմ, քֆուրներ էր տալիս։ Հրամանատարն ասում էր, որ մարմինը ճարալ ենք, գլուխը չկա։ Իմ միակ մինուճար տղան էր, էլ երեխա չունեմ»,-ասում է որդուն կորցրած մայրը՝ նշելով, որ Արցախից բռնի տեղահանվել են 2023-ի հոկտեմբերի 1-ին։

 

Սեպտեմբերի 13-ին անմահացած 18-ամյա Ռոբերտ Ավագյանի մայրը՝ Մերի Ավագյանն էլ Forrights.am-ին ահազանգում է, որ գողության դեպքեր եղել են նաև իր որդու շիրմաքրի մոտից։ Մայրն անհանգստացած է, որ նույն դեպքերը կարող են նորից կրկնվել, քանի որ ՊՆ-ի ենթակայությամբ գործող «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պատշաճ հսկողություն չի իրականացվում։

 

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները