Հարևան երկրների լրատվամիջոցներում հրապարակում տեղի ունեցավ հետևյալ բովանդակությամբ. «Իրանական պատվիրակությունը շուտով կայցելի Թուրքիա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցությունների համար. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային»։
Ադրբեջանական լրատվական գործակալություններում շատ արագ թոփ լուր դարձած «հայտարարությունը» վերաբերում է այլ հարցի, այն բացարձակ առնչություն չունի Հայաստանի հետ:
Ինչպես հայտնի է` իրանական բեռնատարները կայանվել են Թուրքիա-Իրան սահմանին և այդ ճանապարհին ու խնդրին է անդրադարձել երկրի ԱԳՆ խոսնակը:
«Իրանական բեռնատարների համար առաջացած խնդիրը տեխնիկական և ոչ քաղաքական խնդիր է: Առաջիկայում, հավանաբար, մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա`համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ հարցը տեղում քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի»:
Ավելի ուշ իրանական Miranpress-ը իբր «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող լուրի մասին հայտնեց.««Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱԳՆ «հայտարարությունը» «Դանեշջու» լրատվականի մեդիա քայլն էր, իսկ ԱԳՆ-ն «Զանգեզուրի» վերաբերյալ նոր դիրքորոշում չի ընդունել»։
Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունը, հոգևոր առաջնորդը բազմիցս են հայտարարել, որ Սյունիքը կարմիր գիծ է Իրանի համար: