Հետևեք մեզ։

Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել. Հակոբ Սիմիդյան

15:43, 10 հունվար 2025
Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել. Հակոբ Սիմիդյան

Ըստ տարեկան դիտարկումների՝ վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն չի գրանցվել:

«Արմենպրես»  փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 10-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Վերջին տարիներին Երևանում օդի աղտոտվածության մեծ փոփոխություն, ըստ տարեկան դիտարկումների, չի գրանցվել: 2024 թվականի ամռան շրջանում, ըստ էության, դիտվել է փոշու կոնցենտրացիայի նվազում, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների տվյալները շատ չեն տարբերվում 2022-23 թվականների տվյալներից»,- ասաց Սիմիդյանը:

Նա նշեց՝  Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մթնոլորտային օդի մասով դիտարկվում են մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, գետնամերձ օզոնի և ըստ բաղադրության չտարբերակված փոշու պարունակությունները:

Ըստ նախարարի՝ սա այն կարողություն է, որ  այս պահին նախարարությունն ունի: Իսկ դիտարկումներն իրականացնում են Երևան քաղաքում 5 անշարժ և 45 շարժական դիտակետերում՝ շաբաթական կտրվածքով: 5 անշարժ դիտակետերը վերը նշված բաղադրիչներն ուսումնասիրելու, իսկ շարժականները միայն ծծմբի և ազոտի երկօքսիդի տվյալներն ուսումնասիրելու նպատակով են:

«Մոնիթորինգի այն համակարգը, որը մենք ունենք այս պահին,  նոր անհանգստացնող տվյալներ չի գրանցել, քան նախկինում կար: Մեր համոզմամբ՝ անհանգստությունները, որոնք այս պահին ունենք, ձևավորվել են  Երևանի քաղաքապետարանի կողմից սենսորային սարքերի տեղադրման արդյունքում, որոնք տեղադրված են հիմնականում շինհրապարակներում: Ինչպես նաև որոշակի անհանգստացնող թվեր են ներկայացնում շվեյցարական կազմակերպության կայքի տվյալները: Նշեմ, որ միջազգային ստանդարտների համաձայն՝ դեռևս չկա հավաստում, որ այս սարքերի տվյալները ճշգրիտ են, դրանք կարող են մինչ 40 տոկոս շեղում գրանցել: Դրանք ավելի շատ օժանդակող սարքեր են այն արդիական համակարգի համար, որը մենք առաջիկայում ուզում ենք ձեռք բերել»,- նշեց Սիմիդյանը: