Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տարեկան ամփոփ ասուլիսին հարց հնչեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատապարտված Պերմյակովի մասին, որը հայաստանյան դատարանի կողմից դստապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը պետք է կրեր Ռուսաստանում:
Նորանշանակ նախարարն ասաց, որ նրա պատժի հետագա կրման մասին այս պահին տեղեկություն չունի, հետամուտ կլինի:
Hayastan.news-ը բազմիցս հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն Դաշնային քրեակատարողական ծառայություն, ծառայության ղեկավար Ալեքսանդր Ալեքսանդրովիչին խնդրելով պատասխանել հետևյալ հարցերին.
- Վալերի Պերմյակովը շարունակու՞մ է կրել պատիժը:
- Ի՞նչ ռեժիմում:
- Քրեակատարողական ո՞ր հիմնարկում:
- Ճի՞շտ են տեղեկությունները, որ նա քրեակատարողական հիմնարկում գտնվելիս ինքնասպանության փորձ է արել:
Հետևյալ հարցերի պատասխանը ստանլու համար ՌԴ համապատասխան նախարարությունը մի շարք ենթակառուցվածքների հեռախոսահամարներ տրամադրեց, Դաշնային քրեակատարողական ծառայության խոսնակն, ի վերջո, հաստատեց, որ հարցումները ստացվել են, սակայն հարցումներին այդպես էլ պատասխան չտրվեց: Բազմաթիվ զանգերից հետո լրատվական բաժինը որոշեց չպատասխանել զանգերին:
Նշենք, որ վերջին հարցումներն ուղարկվել են 2024-ի ընթացքում: