Այն, թե այլ երկրների հայտարարությունների հետ է կապված նոր Սահմանադրության մասին խոսելը, շատ անտեղի է: Ինչո՞ւ. որովհետև նոր Սահմանադրություն ունենալու հարցը սկսել է քննարկվել հեղափոխությունից հետո, և նույնիսկ 2019-2020 թվականներին ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, և այդ աշխատանքները ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքի: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Ես՝ որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն՝ ի վերջո մշակելու նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն է տալու կամ չի տալու ժողովուրդը, որովհետև նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով»,- ասաց նա։
Ընդ որում, Գալյանը շեշտադրեց, որ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելու որևէ անհրաժեշտություն չկա, և այս հարցը համարում է փակված, որովհետև այդ մասին խոսել է նաև ՍԴ-ն:
«Եվս մեկ անգամ շեշտադրում եմ, որ ո՛չ անուղղակի, ո՛չ ուղղակի կապ՝ նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների հետ, բացարձակ չկա և չի կարող լինել»,- ասաց նա: