ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում կարող ենք արձանագրել նշանակալի անկյունաքարային ձեռքբերում, ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով՝ մեր փոխգործակցությունը մի շարք ոլորտներում ընդլայնելու համար։ Այս մասին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումից առաջ ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նա թվարկեց այն ոլորտները, որոնք գտնվում են այս փաստաթղթի տիրույթում՝ տնտեսական, արդարադատության, պաշտպանության և այլն։
«Այս տարիների ընթացքում մի շարք ոլորտներում համագործակցություն եղել է։ Մենք Հայաստանի հետ համագործակցում ենք պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնապաշտպանությունը համապատասխան տարածքում։ Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան՝ այդ ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար։
Հայաստանը միանում է նաև «Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիային, ինչը նպաստում է մեծ կայունության ապահովմանը Միջին Արևելքում և դրա սահմաններից դուրս»,-ասաց Բլինքենը։