Պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ–ի համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է երկու երկրների միջև նոր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի շրջանակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստաթղթի վերաբերյալ հարցին:
Պապիկյանը նշեց՝ շատ ուրախ է, որ հայ–ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին:
«Միևնույն ժամանակ, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունն ըստ էության չի փոխվում նոր փաստաթղթից: Այն, ինչ ունենք արդեն փաստագրված, դրա շրջանակներում է շարունակվելու մեր համագործակցությունը: Մեր համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է նաև նոր փաստաթղթի շրջանակներում: Մի շարք ուղղություններով բավականին առաջ ենք շարժվել»,–ասաց նախարարը:
Պապիկյանը հիշեցրեց՝ վերջին տարիներին շարունակվում են զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, համագործակցությունը՝ խորհրդատվության, ինչպես նաև սերժանտական համակարգի, նաև ՀՀ ԶՈՒ կերպափոխման շրջանակներում:
«Եվ մենք գոհ ենք այդ համագործակցությունից: Կարծում եմ՝ առկա տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա: Լիահույս ենք, որ 2024թ ձեռքբերումները 2025–ին կշարունակվեն, կավելանան, և մեր համագործակցությունն ավելի կամրանա»,–ասաց Պապիկյանը: