«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնը թափուր դառնալուց հետո համայնքի ավագանու անդամների 1/3-ը նախաձեռնել է Փարաքարի ղեկավարի ընտրության օր սահմանելու նիստ, որից հետո՝ նոյեմբերի 29-ին գումարված նիստի համաձայն, Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը: Համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, և գործող կարգավորումներով՝ երկշաբաթյա ժամկետում պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակվեն։
Այս մասին Կառավարության այսօրվա նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ըստ Խուդաթյանի՝ Կառավարության որոշման նախագծով ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ: