Հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովն անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ կանչելու և բողոքի նոտա հղելու փաստին:
Ռուս հաղորդավարը նշել է, թե իբր չի հասկանում՝ «Շաբաթվա լուրեր» վերջին հաղորդման ընթացքում իր որ արտահայտությունից են վիրավորվել Հայաստանում։
«Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունից են վիրավորվել մեր հայ եղբայրները»,–ասել է Կիսելյովը, հայտնում է News.ru-ն։
Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՌԴ դեսպան Կոպիրկինը ԱԳ նախարարություն է կանչվել: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Նշվել է, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստական գեներացված անընդունելի թեզեր, շրջանառության մեջ են դրվել խոսույթներ, որոնք ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ են: