Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը գործելու է իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ոլորտում։
Նորաստեղծ ընկերությունն ունի Legal and Tax Consulting անվանումը: Կազմակերպություններին և անհատներին ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն ընդգրկում են իրավաբանական գործընթացների ամբողջական կազմակերպումը, իրավական խորհրդատվությունը, իրավական վեճերի լուծմանը ներգրավվելը, այդ թվում՝ դատական ներկայացուցչության իրականացումը, ինչպես նաև աջակցություն այլ իրավաբանական և հաշվապահական խնդիրների լուծմանը։
Ընկերությունը պատրաստվում է ամբողջական իրավաբանական ծառայություններ մատուցել քաղաքացիական, վարչական, և քրեական իրավունքի ոլորտներում, վերջինիս պարագայում՝ ներառելով նաև հարկային և տնտեսական բնույթի այլ հանցագործություններին առնչվող քրեական վարույթների շրջանակը։
Ընդ որում՝ մեր տեղեկություններով ընկերության կանոնադրությամբ սահմանվել է, որ քրեական իրավունքի շրջանակներում առաջարկվող փաստաբանական ծառայությունները վերաբերելու են բացառապես 2024թ. նոյեմբերի 20-ից, այսինքն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի ազատումից հետո ընկած ժամանակահատվածում նախաձեռնված քրեական վարույթներին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։