Հետևեք մեզ։

Բաքվում «դատապարտվում» է հայը (լուսանկարներ)

22:10, 17 հունվար 2025
Բաքվում «դատապարտվում» է հայը (լուսանկարներ)

Բաքվում մեկնարկել է գերեվարված հայերի միջոցով ադրբեջանական հանրությանը կերակրելու շոուն, որի անունը Բաքվի բռնապետ Ալիևը դատավարություն է դրել։ Այսօր հայկական մամուլը, արցախչի գործիչները, հասարակական-քաղաքական գործիչներն անդրադարձել են այս իրադարձությանը, բոլորն են իրենց խոսքում շեշտել, որ Բաքվի այդ սրահում հավաքական հայի արժանապատվությունն է։

Դատական շոուի մանրամասները, իլհամյան սցենարով շոուն մեր ընթերցողին չենք ներկայացնում, այնտեղ արդարադատության հետ առնչություն ունեցող ոչինչ չկա։ Բայց, օրակարգում պահելով մեր հայրենակիցների վերադարձի հարցը, և Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն հարցը համարելով Բաքվում պահվող հայերի հայրենադարձությունը, ինչպես նաև հերքելու համար այն խոսակցությունները, թե գերիներից այս կամ այն անձը Բաքվում չի գտնվում, ներկայացնում ենք միայն լուսանկարները։

Հայաստանի քաղաքական իշխանությունը Բաքվում պահվող գերիներին այսօր չի անդրադարձել։

Միաժամանակ, մեր ընթերցողներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Բաքվում գտնվող հայերի ցուցմունքները կարող են հորինված լինել, շինծու լինել, խոշտանգումների գնով կորզված լինել․․․ Հորդորում ենք չքննադատել, չթիրախավորել մեր հայրենակիցներին, խորն ընկալել իրականությունը ու սառնասրտորեն մոտենալ Բաքվի մատուցածին։