Հետևեք մեզ։

Ես որևէ մեկին չեմ միացել, ընդհակառակը՝ իրենք են ինձ միացել. Միքայել Սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին. «Փաստինֆո»

11:37, 18 հունվար 2025
Ես որևէ մեկին չեմ միացել, ընդհակառակը՝ իրենք են ինձ միացել. Միքայել Սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին. «Փաստինֆո»

Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել։ Ի բնե իմ հանգամանքից և ծառայությունից ելնելով որևէ խորհրդի կազմում լինել չեմ կարող, բայց նմանատիպ բազմաթիվ խորհուրդներ կարող եմ օգնել, օժանդակել իմ հոգևոր խոսքով, հոգևոր խորհրդատվությամբ։ Այս մասին «Փաստինֆո» հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

«Քաղաքական գործունեությամբ ոչ ցանկություն ունեցել եմ զբաղվել, ոչ էլ ունեմ։ Ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականները, ակտիվ եմ գնահատականներ հնչեցնելու, վերլուծություններ անելու, կարծիքներ հայտնելու մեջ, բայց քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվելու, որևէ կառույցի չեմ կարող միանալ, չեմ միանալու, բայց ցանկացած կառույց, եթե ինձ դիմում է, ես իրեն կարող եմ օգտակար լինել՝ իմ հոգևոր խորհրդատվությամբ։ Իմ ներկայությունն այնտեղ այդքանով է»,- նշել է Միքայել Սրբազանը՝ ընդգծելով. «Ես որևէ մեկին չեմ միացել, ընդհակառակը՝ իրենք են ինձ միացել։ Իրենք ասել են, որ կիսում են իմ համոզումները, իմ ելույթները լսում են, համաձայն են իմ ասածների հետ, խնդրում են իմ՝ աջակցություն չասեմ, սատարում էլ չասեմ, խնդրում են իմ հոգևոր օժանդակությունը, հոգևոր խորհրդատվությունը։ Ես էլ ասել եմ՝ սիրով, եթե կարող եմ օգտակար լինել, կլինեմ։ Այդ Ազգ-Բանակ-Եկեղեցի կոնցեպտի իրականացման մեջ պատրաստ եմ օգտակար լինել, բայց որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ»։



Իսկ թե արդյո՞ք Վեհափառի հետ քննարկում եղել է՝ Միքայել Սրբազանը նշեց, որ Վեհափառի հետ քննարկելու անհրաժեշտություն չի եղել․ «Ես իմ լիազորություններից դուրս որևէ բան չեմ արել, որ Վեհափառի հետ քննարկելու անհրաժեշտություն լինի, իսկ Վեհափառը ցանկացած պահի էլ կարող է իր կաթողիկոսական բարձրությունից տնօրինություն անել, ինչի՞ մասին է խոսքը»։

 

Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման՝ ընդհատակ անցնելուն, հարցին՝ ի վերջո, հնարավոր է, որ հոգևոր առաջնորդությամբ կամ հոգևոր խորհրդատվությամբ հնարավոր կլինի հանրությանը սթափեցնել՝ Միքայել Սրբազանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ հնարավոր կլինի, թե ոչ, բայց փորձում ենք։ Մարդիկ ուզում են ինչ-որ բան արած լինել, մենք չենք խանգարում, փորձում ենք օգտակար լինել։ Այդքան բան։ Չեմ կարող ասել՝ կհաջողվի, թե՝ ոչ։ Չի կարելի միանշանակ ենթադրել, որ հաջողություն կլինի»։

 

Հիշեցնենք, որ երեկ Արշակ Կարապետյանը տարածել է իր նկարը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ ու հայտնել «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները