Իրանում ազատազրկված ադրբեջանցի Ֆարիդ Սաֆարլին վերադարձվել է Ադրբեջան։
Այս մասին երկրի Պետական անվտանգության ծառայությունը և արտաքին գործերի նախարարությունը համատեղ մամուլի հաղորդագրություն են տարածել։
Տեղեկատվության մեջ նշվում է, որ 2023 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունում կալանավորված Ադրբեջանի քաղաքացի Սաֆարլի Ֆարիդ Գաբիլ օղլուն հունվարի 18-ին արտահանձնվել է Իրանից և վերադարձվել Ադրբեջան։
«Ֆարիդ Սաֆարլին բուժզննում անցնելուց հետո վերամիավորվել է ընտանիքի հետ»,-ասված է տեղեկատվության մեջ։
Նշենք, որ Գերմանիայի Յենայի համալսարանի ադրբեջանցի ուսանող 27-ամյա Ֆարիդ Սաֆարլին 2023 թվականի փետրվարի 20-ին մեկնել է Թեհրան՝ տեսնելու իր ընկերուհուն՝ բժիշկին, ով պրակտիկա էր անցել նույն համալսարանում։
Թեեւ Սաֆարլին Գերմանիա պետք է վերադառնար մարտի 5-ին, սակայն նա չի վերադարձել։ Մարտի 4-ից Ֆարիդի հեռախոսն անջատված է եղել, նրա հետ կապն ամբողջությամբ կորել է։
Ավելի ուշ պարզվել է, որ Իրանի իշխանությունները նրան մեղադրել են լրտեսության մեջ:
2023 թվականի հուլիսի 19-ին կայացած դատական նիստում Ֆարիդ Սաֆարլիին առաջադրված «լրտեսության» մեղադրանքը փոխարինվել է «լրտեսություն կատարելու դիտավորությամբ»։
Դատարանի դատավճռով նա դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման։