Հունվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն։
Օկուպացված Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, հրամանատարներ, գերատեսչությունների, վարչությունների, ծառայությունների ղեկավարներ, ցամաքային զորքերի շտաբի հրամանատարներ։
Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջադրած խնդիրները ադրբեջանական բանակի համար։
Միջոցառմանը վերլուծվել է հայ-ադրբեջանական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության միջոցառումները, զինվորական կարգապահության վիճակը։
Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի զգոնության բարձրացման, ինչպես նաև առաջիկա խնդիրների ճշգրիտ և ժամանակին կատարման վերաբերյալ։