Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են Կոտայքի մարզում զինված կողոպուտ կատարած կասկածյալներին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում օտարերկրացի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել դանակով զինված կողոպուտ, ում մոտից հափշտակել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր:
Այդ օրը 3 անհայտ անձինք ժամը 03:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի տներից մեկն են այցելել, որտեղ ժամանակավորապես բնակվելիս է եղել Հնդկաստանի քաղաքացի 26-ամյա Սորով Դ.-ն, ով հայտնել է, որ Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացի այցելել են իրեն, որտեղ էլ նրանցից մեկը խոհանոցային դանակը պահել է իր վրա, իր հասցեին հնչեցրել սպառնալիքներ, պահանջել իր մոտ եղած գումարն ու զարդերը, որից հետո իրեն պատկանող դրամանապանակից հափշտակել են 900 եվրո գումար, ապա շարունակել սպառնալիքները ու այդ ժամանակ էլ ինքը նրանց է տվել ոսկյա մատանին ու արծաթյա շղթան:
Մինչ քննիչները աշխատում էին դեպքի վայրում, Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները օպերատիվ տեղեկութուններ են ստանում, որ նշված անձինք գտնվում են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տներից մեկում:
Իրավապահներն այդ հասցեում հայտնաբերել են կասկածյլաներին՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 29-ամյա Բալջինդեր Մ.-ին, Դիվանին և Սաուրավին: Վերջիններիս ամբողջական տվյալները պարզվում են, որոնք էլ հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալում և տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի մարզային քրեական վարչություն, որտեղից այնուհետև փաստաթղթեր են կազմվում և այդ փաստաթղթերի հետ միասին նրանց ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քրեական վարչության Աբովյանի քրեական բաժին, որտեղ կողոպուտ կատարելու կասկածանքով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: