Հետևեք մեզ։

Իրանի Գերագույն դատարանը հաստատել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի մահապատիժը

16:52, 22 հունվար 2025
Իրանի Գերագույն դատարանը հաստատել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի մահապատիժը

Իրանի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած տղամարդու մահապատիժը: Այս մասին ասել է Իրանի դատարանի և արդարադատության համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրին։

«Իրանի Գերագույն դատարանը հաստատել է դեսպանատան վրա հարձակվողի մահապատիժը, և գործն ուղարկվել է Թեհրան՝ քրեական պատիժների կատարման համար», - ասել է խոսնակը։

Նշենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին զինված հարձակում է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա։

Հարձակվողը Կալաշնիկով ինքնաձիգից կրակ է բացել անվտանգության կետի վրա և սպանել անվտանգության ծառայության պետ Օրխան Ասկերովին։ Դեսպանատան անվտանգության երկու աշխատակից՝ Վասիֆ Թագիևը և Մահիր Իմանովը, վիրավորվել են հարձակումը կանխելիս։

Ահաբեկչությունն իրականացրած Յասին Հուսեյնզադեն կալանավորվել է։

Միջադեպից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել է։ Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները Թեհրանից Բաքու են տարհանվել 2023 թվականի հունվարի 29-ին։ 

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած Յասին Հուսեյնզադեի դատավարությունը տևել է մեկ տարի։ Իրանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նա դատապարտվել է մահապատժի։