Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 22-ի` հերթական նիստում:
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նրա խոսքով համախառն ներքին արդյունքում խաղային ոլորտը մեծ աճ չի գրանցում: Նա նշել է, որ խաղային ոլորտը դիտվում է որպես առանձին տնտեսության ճյուղ՝ հավելելով, որ քաղաքացիների շահերի պաշտպանության կոմպոնենտը եւս հաշվի է առնվում քաղաքականությունն իրականացնելիս:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները պետության ներդրումային քաղաքականության տեսակետից կարեւորել են քննարկվող հարցը: Կարծիք է հնչել, որ համակարգը պետք է զարգանար Էկոնոմիկայի նախարարության շրջանակում՝ նոր ինստիտուցիոնալ համակարգեր ստեղծելու միջոցով: Եզրափակիչ ելույթում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է հնչեցրած հարցերին, պետություն-մասնավոր գործընկերությանը:
Պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Օրվա վերջին նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: