Հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Որ ասում եք Շուռնուխից, Ջերմուկից «թուրքերին քշենք», թուրքերը Հայաստանի Հանրապետության այն մյուս՝ արևմտյան կողմում են: Ադրբեջանցիներին եթե նկատի ունեք, մենք կրկին ասում ենք, որ մենք ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ` 200 քառակուսի կիլոմետրից ավելի, և իհարկե, պետք է մեր փաստարկները, հիմնավորումները, թղթերը, քարտեզները ներկայացնենք սահմանազատման գործընթացի ժամանակ: Սկսել հյուսիսից, թե հարավից, Դուք կրկին Ձեր մտքի մեջ, եթե անկեղծ գնահատականս կամ դիրքորոշումս եք ուզում, Դուք կրկին Ձեր մտքի մեջ ունեք գծած մի բան, որը Ձեր մտքի մեջ է: Ինձ մնար, անկեղծ ասած, Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից և կավարտվեի Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա բացի մեզնից կա ևս 200 պետություն: Երբ առնչվում ենք հարցերի, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև այն 200-ից յուրաքանչյուր այլ երկրի, ապա պետք է հասկանանք, որ որևէ բան կարող ենք անել, երբ որ երկկողմ համաձայնություն կա այդ մասին: Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի: Մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ, հենասյուներից մեկը: Ե՛վ մեր կողմից է եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից՝ եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Հիմա շատ հստակ պայմանավորվածություն ունենք»։