Կառավարությունը հունվարի 23-ին մեկ անձից գնում կատարելու երկու որոշում հաստատեց, գրում է «Հետքը»։
Առաջինով նախատեսում են Ակադեմիական քաղաքի հատակագծի նախագծման և համակարգման ծառայությունները ձեռք բերել «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերությունից։ Հիմնավորումը այս ընկերության միջազգային բարձր վարկանիշն է։ Ընկերությունը նախագծել է նաև գլխավոր հատակագծի հայեցակարգը՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով։
Ըստ կառավարության՝ այս գնումը հնարավորություն կտա պատշաճ կերպով ապահովել ծրագրի բնականոն իրականացումը։
Հաջորդ գնումը «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ՍՊԸ-ից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաթեթի պատրաստման ծառայությունների պատվիրումն է։
Կառավարությունը նշում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության տեղական գործընկերոջ կողմից իրականացման աշխատանքներ կատարելու նպատակով գրությամբ դիմել են «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությանը և ստացել համեմատաբար ցածր գնառաջարկ։