ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով.
«Հարգելի՛ ներկաներ, մենք այսօրվա քննարկումների ընթացքում հարգարժան նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ մեր երկու երկրների պատրաստակամությունն էականորեն խորացնել մեր հարաբերությունները մի շարք ոլորտներում, որոնք առանձնացրել ենք: Մեր քաղաքական երկխոսությունը բավականին բարձր մակարդակի վրա է միշտ եղել: Ավանդաբար այնպես է ստացվել, որ մեր շփումները հիմնականում կայացել են բազմակողմ հարթակներում, և, իհարկե, այս տեսանկյունից ևս այս երկկողմ այցը շատ կարևոր է։
Ուզում եմ տեղեկացնել, որ նախարար Կուլուբաևը հրավիրել է ինձ այցելել Ղրղզստան, և ես սիրով ընդունում եմ հրավերը և առաջիկայում կկազմակերպենք այցը։ Ունենք նաև բարձրագույն մակարդակով փոխայցելությունների պլաններ: Ի թիվս այլ նախաձեռնությունների՝ մեր հարաբերությունների խորացմանը կծառայի նաև այսօր մեր կողմից ստորագրված Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026 թթ համագործակցության ծրագիրը:
Մեր երկկողմ հարաբերություններում, ինչպես ցանկացած երկկողմ հարաբերություններում, իհարկե, էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը: Այստեղ պետք է խոստովանենք, որ այն ներուժը, որն ունի առևտրաշրջանառությունը, իրականում շատ անգամներով ավելի մեծ է, քան իրականում տեղի ունեցողը, մեր մեջ առկա առևտրաշրջանառությունը, և մենք պլաններ ունենք ինչպես, մեծացնելու առևտրաշրջանառության ծավալները, խորացնելու տնտեսական կապերը, այնպես էլ, իհարկե, սովորել միմյանցից, օգտվել միմյանց տնտեսական հաջողություններից, որոնք, իհարկե, Ղրղզստանի պարագայում վերջին տարվա ընթացքում շատ տպավորիչ են: Հայաստանը պատրաստ է, իհարկե, կիսվել իր հնարավորություններով, այդ թվում` նորարարական տեխնոլոգիաների և թվային օրակարգում ունեցած մեր որոշ քայլերով»։