Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ Հայաստանին համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
Ավելի վաղ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին ՀԱՊԿ-ում Երեւանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը կվերանան։
«Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին, սակայն մենք դեռ համարում ենք Հայաստանին դաշնակից և շարունակում ենք աշխատել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ, ըստ նրա, այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծել հանրապետության ինքնիշխանությանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերին նվիրված միջազգային ֆորումում հայտարարել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։ Սակայն Հայաստանն այս հարցում կոնկրետ որոշումներ չի կայացրել։