Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ուղերձն այն մասին էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկուստեք ճանաչեն տարածքային ամբողջականությունը, պարզապես վերահաստատում էր Ալմաթիի սկզբունքը։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝երբ մենք խոսում ենք Ադսրբեջանի հետ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման մասին, սա արդյո՞ք նշանակում է, որ նախքան որևէ փաստաթուղթ ստորագրելը ադրբեջանական զորքերը դուրս են գալիս ՀՀ տարածքից, անկլավների մասին հարցը մտնու՞մ է այս ամենի մեջ և վերջերս ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինվորականները փոխանակվելու՞ են Բաքվում պահվող մեր գերիների հետ։
«Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն։ Խոսակցությունն առավել առարկայական էր այս անգամ»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցի մյուս մասին՝ փոխնախարարը նշեց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։
«Ես անկլավների վերաբերյալ որևէ քննարկման մասին տեղյակ չեմ, վերջին շրջանում և նախկինում, ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական զորքերի դուսբերմանը՝ Հովհաննիսյանն ասաց, թե այդ գաղափարը քննարկվել է ոչ միայն ԵՄ-ի կողմից, այլև միջազգային գործընկերների կողմից։