Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,6%-ը, ասվում է Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի exit poll-ի արդյունքներով։
Ըստ exit poll-ի՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը հավաքում է ձայների 1,8 տոկոսը, գործարար Աննա Կանոպացկայան՝ 1,6 տոկոս, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 2,7 տոկոս, բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 5,1%-ը։
Սպասվում է, որ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ նախնական տվյալները կհրապարակվեն հունվարի 27-ին Մինսկի ժամանակով ժամը 2:30-ին: Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունների պրակտիկայի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հայտարարում միջանկյալ արդյունքներ՝ հիմնվելով արձանագրությունների մի մասի հաշվման արդյունքների վրա, այլ հավաքում է ամբողջական տվյալներ ողջ հանրապետության համար։ Այս արդյունքները կներկայացվեն երկուշաբթի երեկոյան։
Նշենք, որ անակնկալներ չեն սպասվում․ 1994-ից հետո Բելառուսում տեղի ունեցած բոլոր նախագահական ընտրություններում հաղթել է Լուկաշենկոն։