Սա առաջին անգամը չէր, որ մասնակցում էի ԱՄՆ նախագահի երդմնակալությանը։ Ես միշտ ակտիվ հարաբերություններ եմ ունեցել թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Հիշո՞ւմ եք, թե ինչպես 2019 թվականին իմ հրավերով Հայաստան եկավ նախագահ Թրամփի այն ժամանակվա խորհրդական Ռուդի Ջուլիանին։ Ծիծեռնակաբերդի ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի գրքում կարդացեք, թե ինչ գրություն է նա թողել այն ժամանակ։ Ի՜նչ հարգանք դրսևորեց մեր ժողովրդի հիշողության և պատմության նկատմամբ։ Եվ այսօր պետության ղեկավար Փաշինյանը, որը պարտավոր է ՀՀ Սահմանադրությամբ ամբողջ աշխարհում, հատկապես Թուրքիայի կողմից նպաստել Ցեղասպանության ճանաչմանը, ասում է, որ մենք պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանն ու հասկանանք՝ ինչպես է ստացվել, «որ 1939 թվականին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար», նրա տեսանկյունից, բայց 1950 թվականին հայտնվեց այս օրակարգը։ Ի՞նչ կասեք սրա մասին։ Ես նրան կուղարկեի եզակի եռահատոր աշխատություն՝ «Հայոց ցեղասպանություն. միջազգային հանրության պատասխանատվությունը և Թուրքիայի պարտավորությունները», որը հրատարակվել է Ռուսաստանի հայերի միության կողմից և խմբագրվել է նշանավոր միջազգայնագետ Յուրի Բարսեղովի կողմից։ Բայց վախենամ, որ եթե նա մինչև հիմա չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան Թուրքիայում, ապա հիմա իմաստ չունի նրան լուսավորելը», - ասել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ցյուրիխում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ասել է.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։