Հետևեք մեզ։

Քննչական կոմիտեի ղեկավարի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

18:21, 27 հունվար 2025
Քննչական կոմիտեի ղեկավարի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում անձնակազմին է ներկայացվել Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալ Արմեն Գևորգյանը:

 

Ներկայացնելով Քննչական կոմիտեի նախագահի նորանշանակ տեղակալին՝ Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ Արմեն Գևորգյանի նշանակումը երկրի ղեկավարության վարած կադրային քաղաքականության վկայությունն է, որը հիմնված է մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, պրոֆեսիոնալիզմի վրա:

 

Արթուր Պողոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանն իրավապահ համակարգում նոր մարդ չէ, իր աշխատանքային գործունեությունը սկսել է քննիչի աշխատանքից՝ քննչական համակարգում զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

 

«Արմեն Գևորգյանի հետ ծանոթացել եմ դատախազական համակարգում աշխատելու տարիներին, երբ վերջինս հանդիսացել է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար և պատշաճ ձևով իրականացրել է նախանշված խնդիրները: Համոզված եմ, որ նույն ջանասիրությամբ Արմեն Գևորգյանն իրականացնելու է իմ կողմից արդեն իսկ նախանշված խնդիրները»,- նշել է Քննչական կոմիտեի նախագահը:

 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել է, որ ամբողջ մասնագիտական ներուժը ծառայեցնելու է իրեն վստահված ոլորտի աշխատանքները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ-ում իրավակարգի և օրինականության ամրապնդմանը, Քննչական կոմիտեի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը:

 

Քննչական կոմիտեի նախագահն անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ նշել է, որ այս առումով հաշվի են առնվելու տվյալ պաշտոնատար անձի մասնագիտական գիտելիքները, փորձը, նվիրվածությունը, ջանասիրությունը և երկրին ծառայելու կամքը:

Վերլուծական